Սեպտեմբերի 28-Հոկտեմբերի 2

Արևելյան Հայաստանի բնակչությունը 18-րդ դարի սկզբերին իրանական խաների բռնության ներքո ենթարկվում էր սոցիալական ու ազգային ճնշման, որից ելք էր որոնում ապստամբական շարժման մեջ։ 1720-ական թվականներին հայ ազատագրական շարժումները նոր վերելք ապրեցին, մտան զինված պայքարի շրջանը։ Գործողության մեջ դրվեց Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու՝ Իսրայել Օրու ծրագիրը։ Շարժման առավել աչքի ընկնող կենտրոններն էին Արցախն ու Սյունիքը։ Ազատագրական շարժմանը նպաստող գործոններ էին՝ Իրանում սկսված խռովությունները. հատկապես աֆղանների ապստամբությունը, 1722 թվականին նրանց կողմից Իրանի մայրաքաղաք Սպահանի գրավումը և Սեֆյանների ազդեցության անկումը։ Հայերին առանձնապես ոգևորում էր կասպիական ափերին ռուսական զորքերի հայտնվելը, ինչպես նաև հայ–վրացական զինակցության առկայությունը։ 1722 թվականին Ղափանի ավագների անունից Ստեփանոս Շահումյանը դիմեց Վրաց թագավոր Վախթանգ VI–ին և խնդրեց նրա բանակում եղած հայ նշանավոր զորականներից ուղարկել Սյունիք՝ ժողովրդի զինված շարժումը գլխավորելու համար։ 1722 թվականի վերջին մի խումբ հայ զինվորականների հետ վրաստանից Դավիթ-Բեկը ուղարկվում է Սյունիք։

Դավիթ Բեկի գլխավորած ապստամբությունը

Դավիթ Բեկի գլխավորած ապստամբությունը ազգամիջյան պատերազմ չէր, այլ հայ աշխատավոր գյուղացիության վրա հենված շարժում՝ ուղղված իրանական խաների, նաև նրանց համագործակցող ֆեոդալների և Օսմանյան Թուրքիայի դեմ։ Դավիթ Բեկը մեծ եռանդով ձեռնամուխ եղավ հայկական զինված ուժերի կազմակերպման, ամրությունների կառուցման, նյութական ու ռազմական կայուն հենարան ստեղծելու գործին, սանձահարեց տեղական ֆեոդալներին, ցեղապետներին և նրանց զինված հրոսախմբերին, որոնք, օգտվելով Իրանի կենտրոնական իշխանության թուլացումից, ասպատակում էին հայկական գյուղերը, ձգտում ինքնիշխան տիրապետության։ Դավիթ Բեկը առաջին հարվածներն ուղղեց Սյունիք թափանցած քոչվոր ցեղերի դեմ։ Սկզբնական շրջանում նա հանկարծակի հարձակումներով պարտության մատնեց թշնամիների ցիրուցան ուժերը, ահաբեկեց, խլեց իրեն դիմադրող հայ մելիքների և մուսուլման ցեղապետների կալվածները ու նվիրեց իր զորապետներին։ Այնուհետև Դավիթ Բեկի զորքը հաջող մարտեր մղեց Օրդուբադի, Նախիջևանի և Բարգուշատի խաների, Ղափանի ֆեոդալների դեմ, գրավեց Սյունիքի բոլոր կարևոր կետերն ու բնակավայրերը։ Ղարաբաղի զորայինների օգնությամբ ետ մղեց Ղարաբաղի խանի հարձակումը։ Սյունիքում նա ստեղծեց հայկական իշխանություն, որի կենտրոնն էր Հալիձորի բերդը։ Դավիթ Բեկը կազմակերպել է մշտական բանակ, որը սփռված է եղել տարբեր շրջաններում, իսկ վտանգի դեպքում միավորվել է։ Չնայած այս հաջողություններին, Դավիթ Բեկի զորքերը Նախիջևանի և Եղվարդի ճակատամարտերում պարտություն են կրել։ 1725 թվականի գարնանը թուրքական զորքերը գրավել են Անդրկովկասը և Դաղստանի ֆեոդալների հետ միանալով՝ աքցանի մեջ վերցրել Ղարաբաղն ու Սյունիքը։ Թուրքական բանակի առաջապահ գնդերը, բախվելով Դավիթ Բեկի զորքի հետ, պարտվել և ետ են քաշվել։ Թուրքական հրամատարությունը իր կողմն է գրավել հայ առևտրա–վաշխառուական խավին, իսլամադավան հողատերերին, թափանցել Մեղրի՝ դժվար դրություն ստեղծելով Դավիթ Բեկի համար։ Նրա շուրջ համախմբված մելիքների ու տանուտերերի մեծ մասը լքեց նրան և հպատակվեց թուրքերին։ Դավիթ Բեկը նահանջեց և ամրացավ Հալիձորում, որը պաշարեց թշնամին։ Դավիթ Բեկը կարողացավ իր փոքրաթիվ զորքով անսպասելի հարձակումով ջախջախել և փախուստի մատնել հակառակորդին։ 1727 թվականին Դավիթ Բեկը կապ հաստատեց Ատրպատականում գտնվող Պարսից շահ Թահմազի հետ, որը ճանաչեց նրա իշխանությունը Սյունիքում, տվեց դրամ հատելու իրավունք։ 1728 թվականի գարնանը թուրքական զորքերը արշավեցին Սյունիք և Ղարաբաղ։ Ներքին ու արտաքին աննպաստ պայմաններում Դավիթ Բեկի փոքրաթիվ զինված ուժերը չէին կարող հարատև ու անհավասար կռիվներ մղել զորեղ հակառակորդի դեմ։ Այդ ժամանակ վախճանված Դավիթ Բեկին փոխարինեց Մխիթար Սպարապետը։

Մխիթար Սպարապետ

Մխիթար Սպարապետի մասին շատ քիչ կենսագրական տվյալներ են պահպանվել։ Հայտնի է, որ նա ծնվել է 17-րդ դարի վերջին՝ Գանձակում։ 1723 թվականին Ժամանելով Զանգեզուր՝ նա միանում է Դավիթ Բեկին։18-րդ դարի 20-ական թվականներին ազատագրական պայքար սկսվեց Սյունիքում պարսիկների և թուրքերի դեմ։ Երկու շրջաններում ապստամբության համար կային տարբեր պայմաններ։ Այսպես՝ եթե Արցախում բնակչությունը հայկական էր, ապա Սյունիքում մեծ թիվ էր կազմում իսլամադավան բնակչությունը։ Ի տարբերություն Սյունիքի, Արցախն ուներ 40-հազարանոց բանակ։ Արցախն ուներ պայքարը գլխավորող երկու առաջնորդներ, Սյունիքում այդպիսի հեղինակավոր գործիչներ չկային, որն էլ ազդում էր ազատագրական պայքարի վրա։ Սյունիքի տանտերերի և մելիքների հանձնարարությամբ առևտրական մեղրեցի Ստեփանոս Շահումյանը մեկնում է վրաց Վախթանգ VI թագավորի մոտ։ Թագաժառանգ Շահնավազը Ստեփանոս Շահումյանին է ներկայացնում Դավիթ Բեկին՝ ով կարող էր համախմբել Սյունիքի ազատագրական ուժերին։ Դավիթ Բեկի զորավարներից էր Մխիթար Սպարապետը։Մխիթար Սպարապետը առաջին հաղթանակը Քյուրթլար կոչվող տարածքում էր։ Դավիթ Բեկի և Մխիթար Սպարապետի հաղթանակները մեծ ոգևորություն առաջացրեցին Սյունիքում։ Այդ ընթացքում Սպարապետն ու Տեր-Ավետիսը գրավում են Զեյվա բերդը։ Շուտով Արցախից Ավան յուզբաշու և Իվան Կարապետի գլխավորությամբ 2000 մարտիկներ անցնում են Սյունիք։ Հայկական զինված ուժերը Սյունիքում տիրում են մի շարք ամրությունների, ինչպիսիք էին Որոտանի և Զեյվայի ամրոցները։ Ամրացված էին նաև Շինուհայրն ու Տաթևը, Խնձորեսկը, ինչպես նաև կառուցվել էր Հալիձորի բերդը[1]։ Այդ ընթացքում բախումներ էին տեղի ունենում Դավիթ Բեկի և Բարգուշատի Ֆաթալի խանի զորքերի միջև, որոնք ավարտվեցին հայկական ուժերի հաղթանակով։ Սակայն շուտով Ֆաթալի խանը նորից մեծ զորքով հարձակման անցնելով հասնում է հայկական Խոտան գյուղը։ Այնտեղ նրանց դեմ դուրս է գալիս Մխիթար Սպարապետը, կոտորում նրանց, սակայն չի հետապնդում, քանզի գժտված էր Դավիթ Բեկի հետ։ Գժտության պատճառը հայտնի չէ։ Այս հաղթանակներից հետո Սյունիքի ազատամարտիկները ստիպված եղան բախվել թուրքերի հետ։ Իրենց անգթությամբ աչքի ընկած թուրքերը իրենց արշավանքների ժամանակ նոր փորձությունների ենթարկեցին հայերին՝ կոտորելով նրանց։ Թուրքերը շրջապատել էին Սյունիքը չորս կողմից։ Այդ ընթացքում Դավիթ Բեկի շուրջը գտնվող մարդկանցից շատերը, խուճապի մատնվելով, գերադասեցին անցնել թուրքերի կողմը։ Դավիթ Բեկը իր կողմնակիցներով հաստատվեց Հալիձորի անառիկ բերդում։ Դավիթ Բեկը շարունակեց բերդի ամրացման, պահեստների կառուցման և զորքի ստվարացման աշխատանքները։ Դավիթ Բեկն իր մի քանի զինակիցներին ուղարկում է փակել գետի բոլոր անցումները, սակայն թուրքերին հաջողվում է անցնել գետը և պաշարել բերդը։ Բերդին մոտենալուց հետո թուրքերը պատնեշներ կանգնեցրեցին և թնդանոթներից, հրացաններից սկսեցին կրակ բացել։ Հայերը բերդից նույնպես սկսեցին արձագանքել։ Վեց օր պայքարի շարունակումից հետո միայն յոթերորդ օրը թուրքերը մոտեցավ պարսպին։ Մխիթար Սպարապետի և Տեր-Ավետիսի որոշմամբ հայկական ուժերը զինված դուրս եկան բերդից և սրընթաց հարձակում գործեցին թուրքերի վրա։

Սեպտեմբերի 22-25

Ազատագրական պայքարի նոր փուլը

XVII դարի երկրորդ կեսը հայերի համար նշանավորվեց ազատագրական պայքարի կազմակերպման գործնական քայլերով:
Ազատագրական պայքար մղելու համար Հայաստանում առկա էին արտաքին եւ ներքին նախադրյալներ: Ներքին նախադրյալներից էր հասարակության վառ գիտակցումը ազատագրական պայքար մղելու հարցում: Գտնվելով օտար տիրապետության տակ, պայքար էր գնում դավանափոխության եւ մշակույթի փոփոխության հարցում: Այս հարցը նույնպես նպաստում էր ներքին նախադրյալներին: Արտաքին նախադրայլներից էր Օսմանյան Թուրքիայի թուլացումը: Թուրք-պարսկական պատերազմների հետեւանքով ավերակների վերածված Հայաստանում առաջ եկավ ազատագրվելու ձգտումՀայ ազատագրական պայքարի կարկառու գործիչներից Իսրայել Օրին ծնվել է Սյունյաց աշխարհում 1659 թվականին: Նրա մասին հիշատակություններ կան արդեն 1677 թվականից, երբ նա 18 տարեկան էր, իր հոր՝ Մելիք Իսրայելի հետ մասնակցում է Հակոբ Ջուղայեցու կազմակերպած գաղտնի ժողովին, որը տեղի է ունենում Ս. Էջմիածնում: Ժողովի գլխավոր օրահարցը Հայաստանի եւ հայության ազատագրության նպատակով քրիստոնեա երկրների պաշտոնապես դիմում ներկայացնելու առաջարկն էր: Այսպես 1678 թվականի վերջերին Հակոբ Ջուղայեցու առաջնորդությամբ պատվիրակությունը հասնում է Կ.Պոլիս: Հակոբ Ջուղայեցու անակնկա մահվամբ պատվիրակությունը չի հասնում Եվրոպա, եւ պատվիրակությունը ետ է գալիս: Խմբից առանձնանում եւ ճամփան շարունակում է 20-ամյա Իսրայել Օրին: 1680 թվականին Կ.Պոլիս մեկնած հայ վաճառականների հետ նա հասնում է Վենետիկ: Այստեղ մի քանի վաճառականների հետ զբաղվելուց հետո նա 1683 թվականին մեկնում է Փարիզ, որտեղ ձեռնամուխ է լինում ֆրանսիական բանակի պարենամատակարման աշխատանքներին, ապա մտնում է զինվորական ծառաության եւ սկզբում հասնում հեծելազորի լեյտենանտի, ապա հեծելազորի կապիտանի: 1688-1695 թվականներին մասնակցում է անգլոֆրանսիական պատերազմին: Պատերազմի ժամանակ գերի է ընկնում անգլիական կողմին, բայց կարճ ժամնակ անց ազատվում է: