Կարսի Պայմանագիր

Կարսի պայմանագիրը (թուրք.՝ Kars Antlaşması, ռուս.՝ Карсский договор), 1921 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրել են, ինչպես գրված է պայմանագրի նախաբանում, «Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության, Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության և Վրաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության կառավարությունները մի կողմից և Թուրքիայի ազգային մեծ ժողովի կառավարությունը, մյուս կողմից, Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության մասնակցությամբ»։ Պայմանագիրը, հաջորդելով Մոսկվայի պայմանագրին, հաստատում էր վերջինիս դրույթները և սահմանում էր ժամանակակից սահմանները Թուրքիայի և Անդրկովկասյան հանրապետությունների միջև։ Կարսի պայմանագրի վավերաթղթերի փոխանակումը տեղի է ունեցել 1922 թվականի սեպտեմբերի 11-ին Երևանում[1]։ Պայմանագրով Թուրքիային են անցել Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ և Սուրմալուի գավառը (որը նախկինում երբեք չեր գտնվել Թուրքիայի կազմում)՝ ներառյալ Արարատ լեռն իր հարակից շրջաններով, իսկ Ադրբեջանին՝ Նախիջևանի շրջանը, որը սահմանվել է որպես ինքնավար կազմավորում։ Արդյունքում Հայաստանը կորցրել է իր տարածքի գրեթե կեսը։ Պայմանագրի դրույթները պարտադրվել են խորհրդային Հայաստանի կառավարությանը ռուս բոլշևիկյան կառավարության և անձամբ Ստալինի ճնշման տակ։

Պայմանագրի Դրութներ

Կարսի պայմանագիրը ընդգրկել է հետևյալ կարևոր դրույթները. Չեղյալ են համարվել պայմանագիրը ստորագրող երկրների միջև կնքված բոլոր նախկին պայմանագրերը՝ բացառությամբ Մոսկվայի պայմանագրի։ Հայաստանի և Թուրքիայի միջև գծվել է նոր սահման, որն անցնում էր Ախուրյան և Արաքս գետերով։ Արդյունքում Թուրքիային են անցել Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ իր Կարս, Սարիղամիշ, Արդահան, Օլթի, Կաղզվան քաղաքներով և Անիի ավերակներով (մոտ 18 հազար քառ. կմ), ինչպես նաև Երևանի նահանգի Սուրմալուի գավառը՝ ներառյալ Արարատ լեռը և Իգդիր և Կողբ քաղաքները (մոտ 3.2 հազար քառ. կմ)։ Նախիջևանի մարզը, որը կազմվել է Երևանի նահանգի Նախիջևանի և մասամբ Շարուր-Դարալագյազի գավառների տարածքում, հայտարարվել է ինքնավար հանրապետություն Ադրբեջանի տարածքում՝ պայմանով, որ վերջինս չի փոխանցի այն որևէ երրորդ կողմի։ Բաթումի մարզը բաժանվել է Թուրքիայի և Վրաստանի միջև. հյուսիսային մասը Բաթում նավահանգստով մնացել է Վրաստանի կազմում (հետագայում այդ տարածքում կազմավորվել Աջարական ինքնավար հանրապետությունը), իսկ հարավային մասը՝ Արդվին քաղաքով անցել է Թուրքիային։

Оставьте комментарий